ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կրեմլը բացարձակապես մտահոգ չէ օսերի և աբխազների, հավանաբար նաև սեփական ժողովրդի իրավունքներով

Կրեմլը բացարձակապես մտահոգ չէ օսերի և աբխազների, հավանաբար նաև սեփական ժողովրդի իրավունքներով
28.08.2009 | 00:00

ՆԱԽԿԻՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԷՅՖՈՐԻԱՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԵԼ Է
Թեպետ Հին Հունաստանում Կովկաս կոչվող խորհրդավոր տարածաշրջանի վերաբերյալ ձևավորվել են բազմաթիվ լեգենդներ ու առասպելներ, սակայն ժամանակակիցներս այսօր ականատես ենք լինում նոր դիցաբանության ձևավորման, որը, անշուշտ, նախկինի պես բարձրարժեք չէ։ Վերջին տարիներին արևմտյան և ռուսական քարոզչական մեքենաների տարածած գլխավոր առասպելներից մեկն այն է, որ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բոլոր գործողությունները տարածաշրջանում ուղղված են «ժողովուրդների հաշտեցմանը» և Կովկասի կայունացմանը, այլ ոչ թե սեփական և միանգամայն պրագմատիկ շահերի բավարարմանը, որոնք շատ կողմերով որևէ կերպ չեն առնչվում տարածաշրջանի ժողովուրդների իրական ցանկություններին կամ հույսերին։
Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման տարելիցի շքեղ տոնակատարություններն էլ քաղաքական գործիչների նոր հայտարարությունների առիթ դարձան։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր նշեց, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մեկ տարի առաջ ընդունած որոշման համար ինքը չի ափսոսում։ «Պայմանները, որ ձևավորվել էին Հարավային Օսիայի, Աբխազիայի ժողովուրդների անվտանգության ապահովման համար, այլ որոշման տեղ չէին թողնում»,- ընդգծեց Ռուսաստանի ղեկավարը, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց որոշ «գաղտնի ծրագրեր»` անցած տարվա պատերազմի հետ կապված։ Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, Վրաստանի ռազմական գործողությունները կարող էին ավելի լայնամասշտաբ լինել, քան Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ վերահսկողության վերականգնումը, իսկ Ադրբեջանն էլ միաժամանակյա պատերազմ էր նախատեսում սկսել Հայաստանի հետ (ենթադրվում է, որ իրավիճակի մոդելավորումը եղել է մեկ կենտրոնից և դժվար չէ գլխի ընկնել, թե որ)։ Լավրովի «բացահայտումներին» անմիջապես ձայնակցեցին ռուսական վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները, գաղափարը սպունգի նման ներծծեցին նաև որոշ հայկական քաղաքական կառույցներ։ Նրանք արագորեն տիրաժավորեցին հերթական «ապոկալիպսիսի» կանխատեսումը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։ Բանից պարզվում է, որ հնգօրյա պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող էր միջամտել այդ ամենին` աջակցելով Ադրբեջանին, ինչը կհանգեցներ լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի։ Այդ արկածախնդրության մեջ կմտներ նաև ՈՒկրաինան, որն անցած տարի սպառնում էր շրջափակել ռուսական սևծովյան նավատորմը և հավակնություններ ունի ռուսական կողմնորոշում ունեցող Մերձդնեստրի հետ կապված։ Եվ նույնիսկ չի բացառվում, որ այս պարագայում գլոբալ պատերազմի մեջ կներքաշվեր նաև Իրանը։
Արդյոք սա «օպերատի՞վ տեղեկատվություն է», թե՞ վախ տարածելու համար հորինված հերթական փուչիկը, մասնավորապես հայերի համար։ Վերջին շրջանում ռուսական վերլուծաբաններն ակտիվորեն և հետևողականորեն «նկարում» են նոր ղարաբաղյան պատերազմի պատկերը, ինչը չի կարող չմտահոգել։
Սակայն ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ռուսական միջամտությունը, եթե անգամ կարող է կանխել վերոնշյալ մասշտաբային պատերազմը, Կովկասում կվառեր վերջին 15 տարիներին արդեն երրորդ պատերազմի խարույկը։ Եվ, այնուհանդերձ, Սուխումում և Ցխինվալում տոնում էին անկախությունը, և ժողովուրդն ուրախանում էր անկեղծորեն։ Տոնակատարություններին զուգահեռ գործարկվեց Վլադիկավկազ-Ցխինվալ նոր գազամուղը, որը հնարավորություն է տալիս Հարավային Օսիային գազ ստանալու անմիջապես Հյուսիսային Օսիայից` շրջանցելով Վրաստանի տարածքը։ Ինչպես հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարությունը, այս պահին Ռուսաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ ստորագրել է 12-ական միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր` տարբեր ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Նախատեսվում է, որ ևս 36 այդպիսի երկկողմ փաստաթուղթ կստորագրվի Ցխինվալի, իսկ 43-ը` Սուխումի հետ, դրանք այժմ գտնվում են համաձայնեցման փուլում։ Խոսքն ամենից առաջ վերաբերում է համագործակցությանը ռազմական ոլորտում, Ռուսաստանի սոցիալ-տնտեսական աջակցությանը, տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերակառուցմանը, առևտրա-տնտեսական համագործակցությանը, սոցիալական ապահովության համակարգերի կենսագործունեության կարգավորմանը։
Կան և ավելի կոնկրետ ծրագրեր։ «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը մտադիր է սկսել Սև ծովի աբխազական հատվածում նավթի որոնողական և արդյունահանման աշխատանքներ։ Այս ծրագիրը, որոշ փորձագետների կարծիքով, տնտեսապես ձեռնտու է ինչպես Աբխազիային, այնպես էլ ռուսական նավթագործներին։ Նավթի առկայությունը Սև ծովի աբխազական հատվածում հայտնաբերվել է դեռևս ԽՍՀՄ-ի և, նախնական տվյալներով գնահատվում է 300-500 մլն տոննա։ Թեպետ, մյուս կողմից էլ, բնապահպանները համարում են, որ աղետալի հետևանքներ կունենա առողջարանային գոտու համար։ Գաղտնիք չէ նաև, որ քննարկման փուլում է Աբխազիայում օֆշորային գոտի ստեղծելու հարցը, քանի որ երկրամասի տնտեսությունը, ոմանց կարծիքով, չպետք է հենված լինի միայն առևտրի և տուրիզմի վրա։ Մինչև տարեվերջ ինչպես Աբխազիայում, այնպես էլ Հարավային Օսիայում կավարտվի ռուսական ռազմաբազաների վերջնական ձևավորումը` ընդհանուր թվակազմով մոտ 7 հազար մարդ։ Այս խորապատկերի վրա, ինչպես հաղորդում է Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, մոտ 6 հազար վրացի վերադարձել է Հարավային Օսիա, իսկ 55-60 հազարն էլ` Աբխազիայի Գալիի շրջան։ Թեպետ, մյուս կողմից էլ, այս տեղեկատվությամբ հերքվում են ռուսական կողմի այն պնդումները, թե Վրաստանն «ականապատում» է սահմանները, որպեսզի թույլ չտա փախստականների վերադարձը։ Մյուս կողմից էլ` Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ Հարավային Օսիայից արտաքսված վրացիները երբեք չեն վերադառնա իրենց տները, մանավանդ որ այդ տները վաղուց քանդված են կամ այրված։
Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության նախօրեին Ռուսաստանը կրկին դիմեց միջազգային հանրությանն այդ երկրամասերի անկախությունը ճանաչելու կոչով։ Ռուսական ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Կովկասյան տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն և անվտանգություն, քանի դեռ այլ պետություններ չեն ճանաչում Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը»։ Չնայած դրան, Մոսկվան մինչ օրս չի կարողացել այդ քայլը պարտադրել նույնիսկ իր ամենամերձավոր դաշնակիցներին։ Վերջերս Բելառուսի արտգործնախարարությունը նույնիսկ խորհուրդ տվեց երկրի քաղաքացիներին այդ երկրամասեր մեկնել Վրաստանի տարածքով։ Համարժեք հայտարարությամբ հանդես եկան նաև Ադրբեջանի իշխանությունները։ Այսպիսով, նախկին վրացական նահանգների անկախության էյֆորիան բավականին մարել է, թեպետ սկզբում թվում էր, թե Ռուսաստանի քայլին հետևելու են տասնյակից ոչ պակաս պետություններ։
Օսերի և աբխազների անկախությունն էլ խիստ կասկածելի է, եթե չասենք հռչակագրային։ Բավական է նշել, որ Աբխազիայի բյուջեի կեսից ավելին Մոսկվայից հատկացվող ուղղակի դոտացիոն միջոցներն են, առևտրաշրջանառության 95 տոկոսը Ռուսաստանի հետ է, տնտեսության բազային հատվածը հանդիսացող առողջարաններում հանգստանալու են գալիս գրեթե միայն ռուսաստանցիները։ Ավելին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ակտիվորեն սեփականություն է ձեռք բերում և միջոցներ ներդնում ինչպես Աբխազիայում, այնպես էլ Հարավային Օսիայում։ Ընդ որում, գործում է այնքան «նպատակամղված», որ երեք տարի առաջ բոլորովին այլ անուն ունեցող Ցխինվալի գլխավոր փողոցներից մեկն արդեն կրում է Լուժկովի անունը, իսկ մյուս երկուսը Լենինի և Ստալինի անունն են կրում։ Ընդհանրապես, Հարավային Օսիան, ավելի, քան Աբխազիան, ըստ էության, դարձել է Ռուսաստանի մի մասը։ Օս բնակչության 98 տոկոսը բացառապես ռուսական անձնագրեր ունի, տեղական վալյուտան ռուսական ռուբլին է, բյուջեն ձևավորվում է Ռուսաստանի հատկացումներից։ Աբխազիայի բնակչության մեծամասնությունը ևս աբխազական անձնագրերին զուգահեռ ունի երկրորդ` ռուսական քաղաքացիություն։ Տեղական թոշակառուները ռուսական թոշակ են ստանում, որն իր չափերով տասնյակ անգամ գերազանցում է աբխազականը։ Ակնհայտ է, որ ոչ միայն սեփական ազգային շահերը, անկախությունն ու ինքնուրույնությունը, այլև ազգային պատկանելությունը պահպանելն այսպիսի սերտ կապերի պայմաններում երկու ժողովուրդների համար էլ բավականին բարդ է լինելու։
Շատ դիտորդների կարծիքով, մտահոգիչ է նաև այն, որ Հարավային Օսիան իր 30-50 հազար բնակչությամբ, երբ երկրամասում չկան արդյունաբերություն, զարգացած գյուղատնտեսություն, օգտակար հանածոներ և տուրիստական օբյեկտներ, անցած տարիներին վերածվել է «ազատ քրեա-տնտեսական գոտու», որի տարածքով էլ իրականացվում էր լայնամասշտաբ մաքսանենգություն։ Այժմ իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլև դարձել է անշրջելի։ Հարավային Օսիայի ընդդիմադիրները հայտարարում են, որ այնտեղ Կոկոյտիի անձնիշխանությունն է կամ բռնապետությունը, Մոսկվայից երկրամասի վերականգնմանը հատկացված միջոցները թալանվում են և օգնության կարոտ բնակչությանը չեն հասնում։ Պարադոքս է, բայց փաստ, որ անկախության տարելիցի տոնակատարությունների ժամանակ Ցխինվալի իշխանությունները կալանք դրեցին Վլադիկավկազ-Ցխինվալ գազամուղը կառուցած «Ստրոյպրոգրես» ընկերության շինարարական տեխնիկայի վրա, իսկ նրա տնօրեն Ալբերտ Ջուսոևը հարկադրված եղավ ուղղակի փախչել Ցխինվալից, քանի որ միաժամանակ ընդդիմության առաջնորդներից մեկն է։
Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ «եղբայրական օգնության» մասին երկար-բարակ զրույցներն ընդամենը շղարշ են անձնական, կորպորատիվ և կեղծ գաղափարական շահերը քողարկելու համար։ Կրեմլը բացարձակապես մտահոգ չէ օսերի և աբխազների, հավանաբար նաև սեփական ժողովրդի իրավունքներով։ Հետաքրքրություն են ներկայացնում այն խնդիրները, որոնք ռուսաստանյան էլիտային հնարավորություն են տալիս հասնելու սեփական նպատակներին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ